Գիշերը Երևանում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. եղբայրներին դանակահարած անձը ձերբակալվել է

Ոստիկանության Շենգավիթի բաժնում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից մայիսի լույս 1-ի գիշերը՝ 03:35-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել մետ 30 տարեկան տղամարդիկ, որոնք դանակահարված են։ Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է նրանց ինքնությունը․ Երևանի բնակիչներ 32-ամյա Գուրգեն և 30-ամյա Գևորգ Գրիգորյաններն էին։

Եղբայրներից կրտսերը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։ Տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով։ Առանձնապես ծանր հանցագործության բացահայտմանը միացել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ինչպես և պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները։

Համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են սպանությունը՝ պարզելով կատարվածի մի շարք հանգամանքներ։ Շուտով հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցի 1\1 շենքի հետնամասում։ Լույսը դեռ չբացված՝ ոստիկանության ծառայողները պարզել են կասկածյալի ինքնությունը, որը հայտնաբերվել է իր բնակարանում ու բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։

31-ամյա տղամարդուն ոստիկանները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին, որտեղ նա ձերբակալվել է։ Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։

Հետևեք մեզ

Լրատու

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար compromat.am-ը պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: © 2018 Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պաշտպանված են:
WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com