Գերեզմանատանը հողահատկացումների դիմաց խաբեությամբ հափշտակել են խոշոր չափերի գումարներ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով խարդախության դեպք:
  Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ Ա.Շ-ն և Ն.Հ-ն, կազմակերպված հանցավոր խմբի կազմում, կեղծ տեղեկություններ են տարածել ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի գերեզմանատան հողերի հատկացման իրավասության վերաբերյալ և 2018 թվականի ամռանից հուղարկավորության համար օրինական կարգով տարածքներ հատկացնելու հարցով իրենց դիմած բազմաթիվ քաղաքացիներից խաբեությամբ հափշտակել խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 1.932.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար: Մասնավորապես՝ Ն.Հ-ն, համաձայն նախնական դերաբաշխման, գերեզմանատանը հուղարկավորման հարցով իրենց դիմած բազմաթիվ քաղաքացիների ներկայացել է որպես գերեզմանատանը հողահատկացումը կարգավորող իրավասու անձ, և վստահություն առաջացնելու նպատակով, նույնիսկ այցելել է գերեզմանատուն ու ցույց տվել ազատ հողատարածքներ: Այնուհետև համաձայնության գալով գնի շուրջ՝ խաբեությամբ հափշտակել է գումարը և փոխանցել հանցակցին՝ ստանալով իր մասնաբաժինը:
  Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, մեղադրանք է առաջադրվել 2 անձի, ընտրվել են խափանման միջոցներ:

Կատարվում է նախաքննություն:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հետևեք մեզ

Լրատու

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար compromat.am-ը պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: © 2018 Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պաշտպանված են:
WP Facebook Auto Publish Powered By : XYZScripts.com