Ապօրինի զենքի մեղադրանք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին. Ձերբակալված կա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է կոորդինացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի դեմ հարուցված քրեական գործերի ընթացքը։ Երեկ ԱԱԾ-ն նրան հրավիրել էր հարցաքննության՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։

Ապա հայտարարեց, որ «Արթուր Վանեցյանը, անտեսելով օրենքով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով ավագ խմբի պաշտոնում (բաժնի պետ) է նշանակել նախկինում ծառայությունից արձակված 51 տարեկան փոխգնդապետի», ինչն ԱԱԾ նախկին տնօրենն ու նրա փաստաբանն անհեթեթություն և օրենքի չիմացություն որակեցին։

Եվ քանի որ մեղադրանքը, իրոք, անհեթեթ է, ու քաղաքական միտումը՝ ակնհայտ, երեկ, մեր տեղեկություններով, արդեն նյութերի նախապատրաստումը մերժվել է, և այս գործը դեռ չհարուցված՝ փակվել է։

Սակայն, քանի որ վարչապետի հրահանգը շատ խիստ է՝ ամեն գնով հետապնդում սկսել Վանեցյանի դեմ, երեկ ԱԱԾ-ն նոր գործ է երկնել, և անգամ մարդ են ձերբակալել։ Հիմա էլ փորձում են ապօրինի զենքի մեղադրանք ներկայացնել Արթուր Վանեցյանին:

«Այս սցենարի զավեշտն այն է, որ զենքը, որն իբր ապօրինի է և պատկանում է Վանեցյանին, գտնվում է ոչ թե նրա տնօրինության տակ, ասենք՝ իր տանը կամ գրասենյակում, այլ՝ ԱԱԾ-ում։ Մեզ հանձնարարել են հայտարարել, թե իբր ԱԱԾ-ի աշխատասենյակներից մեկում հայտնաբերվել է մի ապօրինի զենք, որը պատկանում է Ա․ Վանեցյանին»,- ասաց ԱԱԾ մեր աղբյուրը:

Ի դեպ, «ապօրինի» զենքը գտնվելիս է եղել ԱԱԾ սպառազինության բաժնում, որի պետն այժմ ձերբակալված է։ ԱԱԾ-ից մեզ ասացին՝ պաշտոնական հաղորդագրություն կտարածեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ

Լրատու

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար compromat.am-ը պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: © 2018 Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պաշտպանված են: