Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել. Արթուր Վանեցյան

Անձնական շահի համար Սահմանադրության խախտումը պետականությանը հասցված մեծագույն վնասներից մեկն է և չի կարող անհետևանք լինել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Քառորդ դար առաջ հանրաքվեով ընդունված, հետագայում երկու անգամ փոփոխությունների ենթարկված մայր օրենքը բազմաթիվ անգամ ցույց է տվել իր կենսունակությունը, օգնել՝ հաղթահարելու ներպետական ճգնաժամերը։

Սահմանադրության շնորհիվ անկախ Հայաստանի պատմության դժվար շրջափուլերում մեզ հաջողվել է խուսափել քաոսից, անկառավարելիությունից և պետականությունը վտանգող իրավիճակներից։

Սահմանադրությունը կարող է լինել ոչ իդեալական, ժամանակի ընթացքում կարող է ունենալ փոփոխությունների և կատարելագործման անհրաժեշտություն, բայց գործող Սահմանադրությունը ոտնահարել, խախտել անթույլատրելի է։

Անձնական շահի համար Սահմանադրության խախտումը պետականությանը հասցված մեծագույն վնասներից մեկն է և չի կարող անհետևանք լինել։ Սահմանադրական խախտումների այն ծավալը, որ վերջին օրերին, արտակարգ դրության պայմաններում տեղ գտավ Հայաստանում, ծանր հարված էր մեր պետական համակարգին, իրավունքին և ներհասարակական մթնոլորտին։

Վստահ եմ՝ առաջիկայում Հայաստանի զարգացումը, բանական կառավարումը և ներքին համերաշխության մթնոլորտում մեր պետության հաջողությունները զուգակցվելու են բոլոր սահմանադրական ապօրինությունների վերացմամբ։

Հայաստանին պետք է պաշտպանված սահմանադրություն, և մենք այն ունենալու ենք։ Հայաստանին պետք են գործուն ինստիտուցիոնալ մեխանիզմներ, ինչպես նաև հանրային գիտակցում՝ առ այն, որ սահմանադրական կարգն անձեռնմխելի է»։

Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ

Հետևեք մեզ

Լրատու

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար compromat.am-ը պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: © 2018 Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պաշտպանված են: