Դանակահարություն ալկոհոլի ազդեցության տակ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի վարչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի՝ 21-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն

2019 թվականի մայիսի 30-ին, Երևան քաղաքի Կոմիտաս փողոցում գտնվող սուպերմարկետին հարակից կանգառում, Երևանի 32-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել կանգառում կանգնած աղջկա հասցեին, որի ընթացքում 21-ամյա երիտասարդի՝ կարգի հրավիրելու իրեն ուղղված դիտողությունը ցավագին ընդունելով, նրանից վրեժ լուծելու չնչին առիթով, խուլիգանական դրդումներով, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հայհոյանքներ տալով, իր մոտ գտնվող սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է 21-ամյա երիտասարդի կրծքավանդակին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո հեռացել է նշված վայրից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի՝ 1987թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևեք մեզ

Լրատու

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար compromat.am-ը պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: © 2018 Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պաշտպանված են:
WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com