Գերեզմանատներից դուրս անօրինական հուղարկավորություններ են կատարել

Երևանում  21 գերեզմանատուն կա: Դրանցում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող մյուս գործառույթներով զբաղվում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը:  Չնայած նրան, որ 21 գերեզմանատներն ունեն իրենց հստակ սահմանված տարածքները, կան դեպքեր, երբ քաղաքացիները հուղարկավորություն են կազմակերպում դրանց հարակից հատվածներում, ինչն օրենքով արգելված է:

«Յուրաքանչյուր գերեզմանատուն պաշտպանված է Հայաստանի Հանրապետության օրենքով, դրանք հուշարձանային տարածքներ են համարվում, ենթակա չեն քանդման: Բայց պատկերացրեք գերեզմանատեղ, որը գտնվում է գերեզմանատնից դուրս: Ունենք նախադեպ, երբ Դավթաշենի գերեզմանատան հարակից շուրջ 1 հա տարածքը 2012թ. գրավադրվել է բանկերից մեկում, որտեղ կան նաև գերեզմանատեղեր: Հիմա քննչական վարույթ է իրականացվում: Այսինքն, այդ տարածքը բանկի սեփականությունն է, ու եթե բանկն ուզենա քանդել դրանք,  ՀՀ օրենքն ընդհանրապես չի կարող արգելել բանկին: Օրենքով գերեզմանատան նշանակության և գերեզմանատուն հանդիսացող տարածքները ենթակա են պաշտպանման, իսկ այն տարածքները, որոնք որ  այլ նշանակություն ունեն՝ գյուղատնտեսական նշանակության հողեր են կամ ինչ-որ մեկի սեփականությունը, դրանք օրենքը չի պաշտպանում», Compromat.am-ի հետ զրույցում ասաց «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը:

Նրա փոխանցմամբ՝ պետությունը սահմանված տարածքներից դուրս գերեզմանները չի քանդելու, պարզապես օրենքը չի պաշտպանում այդ ամենը:

Հարցին՝ մարդիկ չգիտե՞ն, որ տարածքը գերեզմանատան սահմաններից դուրս է, կազմակերպության տնօրենը պատասխանեց.

«Գիտեն: Երբ որ մարդը գալիս, ասում է՝ ինձ տարածք տվեք, տրամադրում ենք, սակայն մեր հայերն ամեն ինչ մեծ են ուզում, իսկ մենք մեծ տարածք տալու հնարավորություն չունենք, քանի որ օրենքը սահմանափակում է: Արդյունքում, մարդիկ դիմում են այլ մեթոդների, ձեռք բերում տարածքներ, իսկ այս դեպքում իրենց չենք կարող պաշտպանել, ուրիշի սեփական տարածքն է: Բոլորովին վերջերս անօրինական հուղարկավորության դեպք է գրանցվել նաև «Քանաքեռ» գերեզմանատան հարակից տարածքում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով՝ սահմանված տարածքներից դուրս հուղարկավորություն կազմակերպելու համար նախատեսված են տույժեր: Օրենքը նրանց չի պաշտպանում, տվյալ հողի սեփականատերը տարածքը վաղը կարող է վաճառել մեկ ուրիշի, ով առհասարակ բարոյական ոչ մի սկզբունք չունի, ու նա ասի՝ ես քանդում եմ սա, ինչ ուզում եք՝ արեք»:

Արման Իսկանդարյանը շեշտեց ՝ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից տարածքներն անվճար են տրամադրվում:

«Շատ են դեպքերը, երբ մարդիկ վարկ են վերցնում, որ գերեզման սարքեն: Ոնց որ տուն սարքեն: Հանգուցյալ հարազատն ավելի շատ կուզեր, որ վերցրած վարկով իր սիրած մարդկա՞նց լավ նայեին, տո՞ւնը սարքեին, թե՞ գերեզմանը»,- նկատեց «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենը:

ՀԳ. Ինչ վերաբերում է ներքին լուսավորթյանն ու ճանապարհների անցանելի դարձնելուն, հուսանք, որ մի օր դա էլ կկարգավորվի։

#Compromat

Հետևեք մեզ

Լրատու

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար compromat.am-ը պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: © 2018 Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պաշտպանված են:
WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com