Խմորը դեռ շատ ջուր կքաշի, Խրամոյ Անդիկը հին տրադիցիաների գող էր. Գուրգեն Եղիազարյան

Հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքում սպանվեց «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը՝ հանցագործ  աշխարհում առավել հայտնի է Խրամոյ Անդիկ կամ Մասիվցի Անդիկ։

Դեպքից հետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղ Նոր Նորքի  իր տան բակի տաղավարում Անդրանիկ Հարությունյանը նստած է եւս 3 անձի հետ, թղթախաղ են խաղում: Նրանց է մոտենում սեւ հագուստով մի անձ, կրակում տաղավարում գտնվող 4 տղամարդկանց ուղղությամբ:

«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունը մեծ իրարանցում է առաջացրել ինչպես քրեական աշխարհում, այնպես էլ իրավապահ համակարգում: Մեզ հասած տեղեկություններով՝ քրեական աշխարհում կատարվածից հետո հավաքվել են օրենքով գողերը, իրավապահ համակարգին զուգահեռ ներքին «նախաքննություն» սկսել, որպեսզի գտնեն և իրենց օրենքներով պատժեն օրենքով գողի սպանությունը իրականացնողին ու պատվիրողին։

Հաշվի առնելով այս հանգամանը, որ քրեական աշխարհը նույնպես լայնորեն ներգրավված է սպանության հանգամանքները պարզելու գործում, ապա կարելի է ենթադրել, որ իրավապահ համակարգին մեծ փորձություններ են սպասվում առաջիկայում։

Խրամոյ Անդիկը հին տրադիցիաների գող էր

Քրեագետ, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը թերահավատ է, որ իրվապահները կարող են կամ առնվազն ցանկություն ունեն բացահայտելու այդ սպանությունը։ Եղիազարյանը պատմեց, որ Մասիվցի Անդիկը հին տրադիցիաների գող է եղել՝ մաքրակենցաղ, պահել է հին գողական օրենքները․

«Իրավապահ համակարգին լրջագույն փորձություններ են սպասվում, որովհետև սպանված գողին անվանում են «հին տրադիցիաների գող», այսինքն՝ մի մարդ, որը վերջին՝ 1961 թվականին ընդունված և մինչև այսօր ուժի մեջ գտնվող իրենց ներքին օրեսնդրության մեջ այդ գողերը չէին ճանաչում մասնավոր սեփականություն։ Խրամոյ Անդիկն այն անձնավորությունն էր, որը ճոխ մեքենաներ չուներ, ճոխ բնակարան չուներ, ապրում էր Նորքի Մասիվում, սեփականություններ չուներ, իսկ նման գողերի ցանկացած արտահայտությանը շատ լուրջ են վերաբերվում և ի կատար են ածում։ Ուղղակի պետք է նայել, թե վերջին բախումները ո՞ւմ հետ են եղել, ի՞նչ հողի վրա։ Բայց ինձ չի թվում, որ մեր քրեական հետախուզությունը լրջագույնս կզբաղվի այդ գործով, համենայնդեպս ես կասկածներ ունեմ, որովհետև տեսնում եմ, թե ինչ է գրում իշխանամեդ մամուլը։ Այդ առումով թույլ տվեք կասկածել այս ամենի վրա, որտեղ, նորից իմ կարծիքով, ճշմարտության պարտակում է գնում հիմա։ Ինչ վերաբերում է ներքին հարցերին, ապա դա կախված է նրանից, թե ով կզբաղվի այդ ներքին խմորումներով և պարզաբանումներով։ Եթե դրսից գան գողեր կամ այնտեղ կայացնեն իրենց որոշումը, ապա սա առաջին ու վերջին սպանությունը չի լինի։ Իրավունք չկա՝ գողին այդպես սպանելու, դա պետք է պատժվի արյունով»։

— Իսկ ինչպե՞ս են գողին պատժում։

— Օրենքով գողին պատժում են, եթե նրա հետ խնդիր ունեն, դա կոչվում է «по ушам»՝ «հարված ականջներին»։ Այդ «по ушам» կոչվածից հետո արդեն այդ գողը այլևս իրավունքների մեջ չէ և դրանից ուղիղ դուրս է գտնվում։ Քիլլերով սպանունթյունը օրենքի մեջ ամրագրված է, որ անպայման վրեժխնդիր լինեն․ գտնեն և ոչնչացնեն ոչ միայն սպանությունը իրականացնողին, այլ պատվիրատուին, հակառակ դեպքում՝ այդ դասը լրջագույն ներքին հարված կստանա, որովհետև այդ գողին՝ պատվիրատուին չգտնելը կհարվածի  իրենց հիմքերին։ Նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի գտնեն պատվիրատուին։ Այդ պատվիրատուին պետք չէ ման գալ այլ մաստերի մեջ, իսկ նման «ռազբորկաներ» գողական աշխարհում հայտնի են․ ով, երբ, ինչ է խոսել, ում հասցեին և ինչի համար։ Այնպես որ այս խմորը դեռ շատ ջուր կտանի։

— Ինչո՞ւ եք այդպես մտածում։

— Այդպես եմ մտածում, որովհետև համացանցում անմիջապես հայտնվեց տեսախցիկով նկարահանում, թե ինչպես է մարդասպանը հետապնդում գողին։

— Այսինքն՝ Դուք կարծում եք, որ չի՞ կարող սպանությունը կենցաղային հողի վրա կատարված լինել։

—  Չէ։ Այդ «կենցաղային հողի վրա» խոսակցությունը Խրամոյ Անդիկի հասցեին հերթական բլեֆն է։ Նա այն օրենքով գողն էր, այն հին հայացքների տերն էր, իսկ այդ հին հայացքների վրա դողացող անձնավորությունը որպես կանոն, տարօրինակ է, բայց փաստ, կենցաղում լինում է շատ մաքուր։

— Ի՞նչ առումով շատ մաքուր։

— Լավ հարց տվեցիք։ Գողական աշխարհում օրենքը շատ մաքուր է ճանաչում այն մարդկանց, որոնք պետության հետ չեն հարաբերվում։ Դա նշանակում է, որ չեն մասնակցում ընտրություններին, չեն մասնակցում իշխանության և ընդդիմության միջև բախումներին, իրենց կրիմինալ հնարավորություններով չեն մասնակցում այդ ամենին։ Այնպես որ դիտարկվում է առաջինը պետության և գողական աշխարհի հարաբերություններով, դրանք պետք է զրոյական լինեն, ոչ մի հարաբերություն ոչ մի դեպքում։

— Այդ դեպքում իրենք ինչպե՞ս են հարց լուծում։

— Իրենք հարց չեն լուծում, իրենք առաջին ընդդիմադիրն են պետությանը, որովհետև իրենք իրենց օրենքն ունեն և ընդդիմանում են պետության օրենքներին, իրենք իրենց նորմատիվ ակտերն ունեն։

— Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հրապարակվեց այդ տեսանյութը։

— Այդ տեսանյութը հրապարակվեց, որպեսզի քիլլերին ոչնչացնեն։ Մարդասպանին կոչնչացնեն, և փաստորեն Խրամոյ Անդիկի սպանությունը կկախվի օդից, որովհետև չի լինի այն մարդը, որը կասի՝ այ սա է ինձ պատվիրել։ Պետք է մտածել, որ Անդիկը, որպես գող, նորմատիվ ակտերի խախտում չի կատարել, հակառակ դեպքում սխոդկան կորոշեր ամեն ինչ ավարտել «ակաջներին հարվածով»։ Երբեք չեմ կարող ասել, որ սա կարող էր կենցաղային հողի վրա լինել, որովհեև հին օրենքը պաշտպանող գողերը կենցաղի խնդիրներ չունեն ընդհանրապես։

— Օրինակ ինչպե՞ս է դա բնութագրվում, որ կենցաղի հետ խնդիրներ չունեն։

— Ես Ձեզ ասեմ մի պարզ իրողություն․ այս կաստայի անդամները երբեք ոչ մի բան չեն խոստանում, չկա նման բան, որ նրանք մի բան խոստանան։ Խոստանալու փոխարեն ասում են՝ «կտեսնենք»։ Այսինքն՝ կենցաղային վեչերը 90 տոկոսով առաջանում են խոստումների հիման վրա՝ «դու պիտի անեիր, չարեցիր, դու պիտի գայիր, չեկար» և այլն։ Նման բան օրենքով գողին ուղղակի չի սպառնում։ Այնպես որ պետք է հետամուտ լինել, եթե իհարկե բացահայտման ցանկություն կա, որը ես չեմ կարծում, որ կա, պետք է նայել արմատին, թե որտեղի՞ց է գալիս հարվածը  և ինչո՞ւ։

— Հնարավո՞ր է, որ մոտ ապագայում Հայաստանում գողերի հավաքույթ լինի։

— Այս նոր իշխանությունները, իմ ունեցած կցկտուր տեղեկություններով, բավականին հաշտ են այդ մաստի հետ, և այն բոլոր հեքիաթները, որ մեզ պատմում են, թույլ տվեք դրանց չհավատալ։ Ես չեմ կարծում, որ մեծ թվով կգան, սխոդկաները կարող են Հայաստանից դուրս էլ անենլ։ ՀՀ սահմանը ամենևին էլ խոչնդոտ չէ նրանց համար, որ իրենց ունեցած ինֆորմացիայի հիման վրա գործողություններ անեն, որովհետև չարագույն լեզուները ասում են, որ կրիմինալ տարրերը ներքաշվում են տարբեր «ռազբորկաների» հետ, այդ թվում իրենց համար ոչ ականջահաճո «ռազբորկաների» մեջ։ Այսինքն՝ ՀՀ-ում, ըստ օդում կախված լուրերի, օրենքի մեջ գտնվող կամ գտնված գողերին ներքաշում են ներպետական, միջպետական, միջհասարակական հարաբերությունների մեջ, ինչի արդյունքում էլ լինում են նման սպանությունները։

Օրենքով Գողերի սպանությունները Հայաստանում

Խրամոյ Անդիկը Հյաստանում սպանված առաջին գողը չէ։ 2009 թվականին սպանվեց Մարսո անունով հայտնի օրենքով գող Մարզպետունի Պետրոսյանը։ Նա սպանվել էր Արարատի մարզի Գոռավան գյուղում իր տան դիմաց՝ դիմահար կրակոցով։ Պարզվել էր, որ սպանությունը կատարել է Վեդի քաղաքի բնակիչ Պերճիկ Շաբոյանը՝ «Մարսոյի» հետ անձնական հարցերի պատճառով։ 1992 թվականի հունիսի 28-ին` առավոտյան ժամը 10-ն անց 30 րոպեին, կրակոցներ հնչեցին Երեւանի կենտրոնում, Հանրապետության հրապարակից քիչ ներքեւ` Սպայի տան մոտակայքում: Կես ժամ անց բոլորին հայտնի դարձավ, որ մահափորձ է կատարվել: Իսկ մի քանի ժամ անց, երբ զոհն այլեւս չկար, ողջ Երեւանը կիմանար, որ սպանվել է Նորիկ Թադեւոսյանը կամ, ինչպես նա առավել հայտնի էր, Դքի Նորիկը

Հետևեք մեզ

Լրատու

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար compromat.am-ը պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: © 2018 Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պաշտպանված են:
WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com