Նախկին պաշտոնյաները կաշառք են վերցրել նպաստի դիմաց. ո՞վքեր են «կերել» անապահովների փողը

ՀՀ գլխավոր դատախազությունը վերլուծել է 2018թ.-ի հունվարի 1-ից մինչև 2019թ-ի մայիսի 31-ը սոցիալական ոլորտում բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների վիճակագրությունը։

Ինչպես հայտնում են ԳԴ–ից, նշված ժամանակահատվածում հարուցվել է 166 քրեական գործ: Վերլուծությունը վկայում է, որ դրանք կրել են համատարած բնույթ` ընդգրկելով բոլոր մարզերն ու մայրաքաղաք Երևանը։

Կատարված բացահայտումների համաձայն` նպաստառուների ցուցակում ընդգրկելու և տարիներ շարունակ ապօրինի նպաստներ ստանալու համար քաղաքացիները պաշտոնատար անձանց տարիներ շարունակ կաշառք են վճարել։

Հարյուրավոր քաղաքացիներ ցուցակներում իրենց ընդգրկված լինելու մասին անգամ չեն էլ իմացել։ Նրանց փոխարեն նպաստի գումարները հափշտակվել են սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների պետերն ու այլ աշխատակիցները։

Կոռուպցիոն սխեմայում ներգրավված են եղել մարզպետարանների, քաղաքապետարանների սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների պետեր, կրտսեր, ավագ և առաջատար մասնագետներ, «Հայփոստ» ՓԲԸ-ի տարածքային մասնաճյուղերի տնօրեններ, փոստատարներ ու օպերատորներ,ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, բժշկասոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողովների նախագահներ ու անդամներ։

Հարուցված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 249 անձի, որից 88-ը սոցիալական աջակցության գործակալության տարածքային բաժնի մասնագետ կամ տեսուչ, 8-ը՝ նույն գործակալության տարածքային բաժնի պետ և տեղակալ, 25-ը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղի տնօրեն, փոստատար և աշխատակից, 2-ը՝ ԲՍՓ հանձնաժողովի նախագահ, 4-ը՝ ԲՍՓ հանձնաժողովի անդամ բժիշկ-փորձագետ, 1-ը՝ ԲՍՓ բուժվիճակագիր, 8-ը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից, 1-ը՝ համայնքի նախկին ղեկավար, 113-ը՝ քաղաքացի։

12 քրեական գործ՝ 41 անձի վերաբերյալ արդեն ուղարկվել է դատարան: Դրանց քննության արդյունքում 33 անձ դատապարտվել է:

Նշված հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է 772.5 մլն ՀՀ դրամ, որից մինչ օրս վերականգնվել է 139 մլն–ը:

Հետևեք մեզ

Լրատու

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար compromat.am-ը պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: © 2018 Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պաշտպանված են:
WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com