Երևանում 20-ամյա տղան դանակահարել է 24-ամյա երիտասարդին՝ իմանալով, որ անչափահաս քույրը «քնել» է նրա հետ ու հղիացել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է Արշակ Ս.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

1998 թվականին ծնված Արշակ Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի դեկտեմբերի 21-ի կեսօրին 20-ամյա Արշակը, տևական բացակայությունից հետո տուն վերադառնալով, երևանյան իրենց բնակարանում մորից իմացել է, որ իր անչափահաս՝ 17-ամյա քույրը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Արմավիրի մարզի 24-ամյա բնակիչ Ազատ Ս.-ի (անունը փոխված է) հետ ու օրեր առաջ՝ դեկտեմբերի 16-ին, ծննդաբերել, երեխա է ունեցել:

Արշակը վիրավորվել ու զայրացել է, որ հարազատներն այդ փաստերն իրենից թաքցրել են:

Ըստ մեղադրանքի՝ Արշակ Ս.-ն խոհանոցից վերցրել է գործարանային արտադրության աղանդերային դանակը, ապա ստեղծված իրավիճակը Ազատի հետ քննարկելու, հիվանդանոցային ծախսերի հարցը և ընդհանրապես՝ իր անչափահաս քրոջ նկատմամբ Ազատի կատարած արարքը պարզաբանելու նպատակով նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 15-ի սահմաններում Երևանի Հալաբյան 16 հասցեի հարևանությամբ գտնվող կանգառում հանդիպել է Ազատին:

Արշակը հաշիվ է պահանջել Ազատից՝ իր անչափահաս քրոջ հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու, ինչպես նաև քրոջ ծննդաբերելու հանգամանքներն իրենից թաքցնելու համար:

Նրանք զրուցելով Աբելյան փողոցով քայլել են դեպի Էստոնական փողոց՝ թիվ 126 դպրոցի հետնամասում տեղադրված ավտոտնակների մերձակա տարածք:

Խոսակցության ընթացքում Ազատ Ս.-ն կասկածներ է հայտնել նորածնի հայրը լինելու վերաբերյալ, ասել է, թե երեխան միգուցե… իրենից չէ:

Այս արտահայտությունից Արշակը ավելի է զայրացել, բաճկոնի գրպանից հանել է տանից վերցրած խոհանոցային դանակը ու հարվածներ է հասցրել Ազատ Ս.-ին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի հետին մակերեսի աջ թիակային շրջանի կտրած, ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած, չթափանցող ու մկանների վնասումով, կրծքավանդակի ձախ կողմնային մակերեսի ծակած-կտրած, թափանցող, կողի, ձախ թոքի վնասումներով, կրծքաօդաարյունահավաքով զուգորդված վերքերի ձևով:

Արշակ Ս.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Դատարանն արձանագրել է, որ հանցագործության կատարումը պայմանավորված է եղել տուժողի հակաբարոյական վարքագծով:

Տուժողը՝ 24-ամյա Ազատ Ս.-ն, երկու դրվագ գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, դատապարտված լինելով, փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել Արշակ Ս.-ի անչափահաս՝ 17 տարեկան քրոջ հետ, արդյունքում անչափահաս աղջիկը հղիացել ու 2018 թվականի դեկտեմբերի 16-ին ծննդաբերել է:

Երբ Արշակը հանդիպման է հրավիրել Ազատին՝ ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Ազատը կասկածներ է հայտնել, թե հնարավոր է՝ նորածնի հայրն ինքը չէ…

Դատարանն արձանագրել է, որ Արշակ Ս.-ն նախկինում դատված չի եղել, զբաղվում է հանրօգուտ աշխատանքով, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, աջակցել է հանցագործության բացահայտմանը և հանցագործության գործիք դանակի հայտնաբերմանը:

Դատարանն արձանագրել է, որ տուժողը քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացրել:

Արշակ Ս.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 3 տարի իրական ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 3 օրը, վերջնական պատիժ է սահմանվել 2 տարի 11 ամիս 27 օր ազատազրկումը:

Պատժի սկիզբը կհաշվվի Արշակ Ս.-ին կալանքի տակ առնելու պահից, երբ այս դատավճիռը օրինական ուժի մեջ մտնի: Մինչ այդ Արշակ Ս.-ի խափանման միջոցը մնում է չհեռանալու մասին ստորագրությունը:

Հետևեք մեզ

Լրատու

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար compromat.am-ը պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: © 2018 Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պաշտպանված են:
WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com