Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործով բացահայտվել են ապօրինի ճանապարհով 15 հողատարածքներ վաճառելու դեպքեր

ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքնության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր:

Մասնավորապես, վերը նշված եղանակով որպես սեփականություն ձեռք են բերվել` Դիլիջան քաղաքի Բաբաջանյան 26 հասցեի 15.000 քմ մակերեսով և Բաբաջանյան 24 հասցեի 57.000 քմ մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության հողատարածքներ, ինչպես նաև նույն քաղաքի Սարալանջ փողոցի թիվ 42, 44, 46 և 48 հասցեներում գտնվող, համապատասխանաբար՝ 731, 761, 701 և 720 քմ մակերեսով բնակելի տուն կառուցելու համար նախատեսված հողատարածքներ, Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող 8.9 հա, 9.1 հա, 8 հա, 9 հա, 5.6 հա, 7.2 հա մակերեսով 4-րդ կարգի անջրդի հողամասեր և 4092 քմ մակերեսով արտադրական նշանակության հողամաս, Արարատի մարզի Նարեկ գյուղում գտնվող 90 հա մակերեսով վարելահող և 30 հա մակերեսով արոտավայր:

Նկատի ունենալով, որ վերը նկարագրված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, որի կապակցությամբ հակաօրինական արարք կատարած անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին` վերը նշված հիմքերով իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու խնդրանքով, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Որոշումների օրինակներն ուղարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն`  օրենքով սահմանված կարգով վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները Դիլիջան, Մխչյան և Նարեկ համայնքներին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` հնարավոր այլ չարաշահումներն ու դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ

Լրատու

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար compromat.am-ը պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: © 2018 Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պաշտպանված են:
WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com