Պարզվել են 19-ամյա ուսանողուհու կողմից իր և եղբոր 3-ամյա դստեր առևանգումը բեմականացնելու միջոցով հափշտակություն կատարելու հանգամանքները

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ուսանողուհու կողմից իրեն և եղբոր երեքամյա դստերն առևանգումից ազատելու համար որպես փրկագին 1.000.000 ՀՀ դրամ պահանջելու պատրվակով խաբեությամբ ազգականներից հափշտակություն, ինչպես նաև՝ սուտ մատնություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1999 թվականին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձը 2019 թվականի մայիսի 8-ին դանակի սպառնալիքներով Երևան քաղաքի Արցախի փողոցի շենքերից մեկի մուտքում հանելով իր բլուզը, կիսամերկ վիճակում նկարել է իրեն, ապա ճշտել համացանցում ունեցած իր կայքերի գաղտնաբառերը և իր կիսամերկ լուսանկարները հրապարակելու ու իր հարազատներին վնասելու սպառնալիքով հարկադրել է վերցնել եղբոր երեքամյա դստերն ու դուրս գալ տնից, ում պահանջը կատարելով եղբոր դստեր հետ միասին գնացել է այգի։

Ըստ 19-ամյա ուսանողուհու հաղորդման՝ այգում գտնվելու ընթացքում, իբր հեռախոսով հետևել է, թե ինչպես է անհայտ անձը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ իրեն պատկանող «մեսենջեր» հավելվածի միջոցով իր անունից նամակագրություն վարել մոր և եղբոր հետ, վերջիններիս տեղեկացրել իրենց առևանգման մասին և որպես ազատման փրկագին պահանջել 1.000.000 ՀՀ դրամ` սպառնալով, որ գումարը չտալու դեպքում այլևս չեն տեսնի իրենց:

Աղջիկը միաժամանակ նշել է, որ իրեն ահաբեկած անձի պահանջով, իր հարազատների կողմից IDram վճարային համակարգով իր հաշվեհամարին ուղարկված գումարից կանխիկացրել է 600.000 ՀՀ դրամ և այն թողել նշված անձի մատնանշած տաքսի ավտոմեքենայում, ապա եղբոր դստեր հետ միասին վերադարձել տուն:

Քննչական գործողությունների և Ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 19-ամյա աղջկա կողմից ներկայացված հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում:

Միաժամանակ պարզվել է նաև, որ խաբեությամբ, ձևացնելով անհայտ անձի կողմից իր և եղբոր դստեր առևանգումը, ծնողներից և եղբորից աղջիկը պահանջել և խարդախությամբ հափշտակել է գումար:

Դեպքի առթիվ  2019 թվականի մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և 30.05.2019թ. ընդունվել վարույթ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  3-րդ կուրսի ուսանողուհին, ակնկալելով բարելավել ընտանիքի ֆինանսական վիճակը, գտնվելով հեռուստասերիալի ազդեցության ներքո, որում ինչ-որ մեկին առևանգել են և պահանջել փրկագին, որոշել է նման բան կազմակերպել, որպեսզի ծնողները դիմեն որևէ մեկին՝ պարտքով գումար տալու խնդրով, իսկ այն ստանալուց հետո, գումարը  տրամադրել ծնողներին՝ բացատրելով, որ անցել է աշխատանքի։

Այդ նպատակով 2019 թվականի մայիսի 17-ին, եղբոր երեքամյա դստեր հետ զբոսնելու  պատրվակով դուրս է եկել տնից, ապա իր անձնական կայք-էջից, այլ անձի անունից կապ է հաստատել մոր և եղբոր հետ՝ հայտնելով, որ իրենց առևանգել են և ներկայացրել է պահանջ՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար իր հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ՝ սպառնալով, որ ոստիկանություն դիմելու և գումարը չփոխանցելու դեպքում իրենց այլևս չեն տեսնի:

Երեխայի հայրը՝ 19-ամյա ուսանողուհու եղբայրը, սպառնալիքները որպես իրական ընդունելով, կնոջ մորաքրոջից պարտքով գումար է վերցրել և նույն օրը, պահանջը ներկայացնելուց երեք ժամվա ընթացքում, IDram վճարային համակարգի միջոցով, սպառնալիքների հեղինակի մատնանշած, վերջինիս անվամբ բացված հաշվեհամարին է փոխանցել 820.000 ՀՀ դրամ գումար։

Այնուհետև, համոզվելով գումարի փոխանցման մասին, աղջիկը կանխիկացրել է 600.000 ՀՀ դրամը և վերադարձել տուն`պնդելով առևանգման մասին։

Մի քանի օր անց, տեղեկանելով, որ մայրը ոսկեղենն է գրավադրել՝ պարտքով վերցված գումարը վերադարձնելու նպատակով, պատմել է ողջ եղելությունը, մորը տվել 600.000 ՀՀ դրամն ու նրա հետ միասին կանխիկացրել հաշվեհամարին մնացած 220.000 ՀՀ դրամը:

Կատարվածի վերաբերյալ 19-ամյա աղջիկը տվել է խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ

Լրատու

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար compromat.am-ը պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: © 2018 Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պաշտպանված են:
WP2FB Auto Publish Powered By : XYZScripts.com